Հարկային օրենսգիրքն այն փաթեթով, որ ներկայացված է հանրային քննարկման, վերջին ճշմարտություն չէ եւ բնականաբար այնտեղ խնդրահարույց կետեր կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Օրինակ, երբ ես հիմա ասում եմ՝ այս կամ այն դրույթն ընդունելի չէ կամ ընդունելի է, դա էլ միանշանակ չէ, որովհետեւ քննարկումների ընթացքում հեղինակները կարող են հիմնավորել, որ այս կամ այն դրույթը պետք է լինի կամ չպետք է լինի օրենսգրքում:

Օրինակ, երբ նշվում է, որ հաշվապահներն ու փաստաբանները պետք է շրջանառության հարկի ռեժիմից (5 տոկոս) անցնեն ավելացված արժեքի հարկի ռեժիմի (20 տոկոս), բերում են ինչ–որ հիմնավորումներ, որոնք այս պահին այդքան էլ համոզիչ չեն։ Բայց միեւնույն ժամանակ, մենք շրջանառության հարկի դեպքում դրա վտանգը տեսնում ենք նույն հաշվապահական ընկերությունների կողմից: Կամ օրինակ եթե վերցնում ենք մյուս հարկատեսակների մասով փոփոխությունները, երբ ներկայացվում է, որ այդ փոփոխությունները ներդրումների կամ սպառման վրա են ազդելու դրական առումով, դա զուտ գեղեցիկ նախադասություններով չի կարելի ներկայացնել, դրանց տակ պետք է լինեն մասնագիտական հաշվարկներ, ինչն այս պահին մենք դեռ չենք տեսել»,-հայտարարեց Թունյանը՝ հավելելով, որ եթե կլինեն այդ հիմնավորումները, իրենք կքննարկեն:

«Քանի դեռ չկան այդ հիմնավորումները, մենք այդ ամեն ինչին դրական կասկածով ենք վերաբերում»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է միկրոբիզենսին (տարեկան մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն ունեցող-խմբ) բոլոր հարկերից ազատելուն, Բաբկեն Թունյանը դա դրական համարեց. «Հարցը շատերի հետ է քննարկվել, այդ թվում մասնագետների եւ բուն բիզնեսով զբաղվողների։ Դա այն դրույթներից է, որ միանշանակ դրական է ընկալվում ու բոլորը  կողմ են, որ այդ դրույթը լինի: Այդ մարդիկ ազատվում են ոչ միայն հարկերից, այլեւ՝ վարչարարությունից: Շատերին այնքան հարկերի չափը չի անհանգստացնում, որքան հարկային մարմինների հետ առնչվելը: Մարդիկ չեն ուզում ուղղակի հաշվետվություն լրացնել կամ հարկային տեսուչի հետ զրուցել: Այդ առումով պետությունն իրենց ազատ է թողնում ու ասում է՝ մենք ձեր հաշվին հարկային խնդիր չենք լուծի»,-ասաց նա՝ հավելելով, որ սկզբում այդ շեմը 20 մլն դրամ էր նախատեսվել, հետո որոշել են 24 մլն դրամ:

«Այսինքն եթե բաժանում ենք օրերի, օրական, 65 հազար դրամ է կազմում: Եթե վերցնենք, որ գերփոքր ընկերութւոններն աշխատում են 10 տոկոս շահութաբերությամբ, ստացվում է, որ իրենք ամսական ունեն 180-200 հազար դրամ մաքուր շահույթ, այսինքն դա միջին աշխատավարձի չափ է: Այդ տրամաբանությամբ է արվել, որը գերփոքր տնտեսվարողներին հնարավորություն է տալիս գոնե սեփական ծախսերը հոգալ: Ընդ որում, եթե 24 մլն դրամն անցավ, դա չի նշանակում ընկնել հարկային ռեժիմի մեջ: Սահմանվելու է միջանկյալ ռեժիմներ, ասեն՝ 24-50 մլն, ապա 50-115 մլն, որ այդ անցումն ավելի սահուն լինի»:

Դիտարկմանը, որ եկամտային հարկի համահարթեցված տոկոսադրույքի (23 տոկոս) պարագայում մտահոգություններ կան, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռի նվազում տեղի չի ունենում, փոխարենը ակցիզների բարձրացման հետեւանքով կարող է նաեւ գների բարձրացում տեղի ունենալ եւ այդ դեպքում այդ մարդկանց սոցիալական վիճակն ավելի կվատանա, Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Ակցիզային հարկի բարձրացումը բոլոր ապրանքատեսակների համար չէ, դա ծխածոտն է, խմիչքն է, որը ինչ-որ տեղ ոչ ցանկալի ապրանքների սպառումը կրճատելու համար է, բայց տնտեսական առումով այդ հանգամանքն աշխատում է, ու մենք հիմա ԱԺ մեր գործընկերների հետ լրացուցիչ փոփոխության տարբերակ ենք մտածում: Այս պահին բոլոր փակագծերը չեմ բացում, բայց հնարավոր է՝ մենք առաջարկենք նույն համահարթ տարերակը, բայց էնպիսի փոփոխություններով, որը սոցիալական անարդարությունը չի խորացնի»: