ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվելու գործընթացում դեռ առաջխաղացում չկա, Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում այս պաշտոնում բելառուս հավակնորդ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման մասին խնդրանքին: Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նիստից հետո այս մասին անձամբ լրագրողներին ասել է Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է TUT.by-ը:

Գործընթացում դեռ առաջխաղացում չկա,ասել է Զասը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել:

«Ես առաջարկ եմ ներկայացրել հայկական կողմի հետ ցանկացած հարմար ժամանակ հանդիպելու վերաբերյալ եւ դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ-ի մնացած մյուս անդամ պետությունները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»:

Հարցին՝ կարելի է արդյոք առանց Հայաստանի համաձայնության որոշում ընդունել, Զասն ասել է, որ ՀԱՊԿ Կանոնադրությունում սահմանափակ կազմով որոշումներ ընդունելու հնարավորություն է նախատեսվում, սակայն, իհարկե, դա ամենալավ տարբերակը չէ:

«Նման որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն: Սա նորմալ, անխափան աշխատանքի երաշխիք է», -նշել է նա: