Կառավարության ծրագիրը չի կարող երկրի տնտեսության զարգացմանը հանգեցնել: Փետրվարի 7-ին NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ ծրագրում բացակայում է սոցիալական ուղղվածությունը:

«Օրինակ, աղքատության հաղթահարման մասին դրույթն անհեթեթ է հնչում, հաշվի առնելով այն, որ աշխարհի ոչ մի երկրի չի հաջողվել պայքարել այդ խնդրի դեմ: Հայաստանն այս իմաստով ամենանախանձելի վիճակում չէ:

Պետք է խոսել ոչ թե աղքատության հաղթահարման, այլեւ աղքատության մակարդակի նվազեցման մասին եւ դրա համար կոնկրետ քայլեր ներկայացնել»,- նշեց փորձագետը։ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ ծրագրում նշված նպատակներն իրենք իրենցով անիրականանալի են։ «Ծրագիրը պետք է իր մեջ նպատակներ ունենա, հետո արդեն որոշակի դրույթներ, ինչը չկա։ Նշված չեն երկրի տնտեսության մեջ առկա ռիսկերը եւ դրանց հաղթահարման ճանապարհները։

Անհասկանալի է, թե ով է այդպիսի դրույթներ ներառել կառավարության ծրագրի մեջ։ Անհրաժեշտ էր այդ գործընթացում ներգրավել մասնագետների։ Ցանկալի կլիներ այդ մարդկանց հետ բաց քննարկում անցկացնել, որպեսզի հնարավոր լիներ ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք ակնհայտորեն ծագում են»,- հավելեց նա։

Փորձագետը հայտարարեց, որ այս ծրագրով 5 տոկոս տնտեսական աճ հնարավոր չէ։ «Ավելին, 5 տոկոսանոց տնտեսական աճի նշաձողը թույլ չի տալիս խոսել պետության զարգացման եւ երկրի տնտեսական կառույցի մասին։ Աշխարհում այժմյան տնտեսական իրականության պայմաններում Հայաստանը 5 տոկոս տնտեսական աճով չի կարող համարվել մրցունակ երկիր»,- ամփոփեց Թաթուլ Մանասերյանը։