Ես 5 միլիոն դրամ պարգեւատրում չեմ ստացել։ Դա եղել է ընդհանուր թիվ, որի մեջ մտել են երկու աշխատավարձ, պարգեւատրում եւ 13-րդ աշխատավարձ։ Այս մասին իշխող խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ արդարանալով իրեն առանձնապես խոշոր չափով պարգեւատրելու համար, ինչն ավելի վաղ հասարակության տարակուսանքն էր առաջացրել։ Ընդ որում, նա նշեց, որ այդ գումարից համապատասխան հարկումներ են կատարվել։

«Իմ աշխատավարձը 2017թ․ եւ 2018թ․ տարբերվել է 10 տոկոսով, ընդամենը 10 տոկոս։ Ես դեռ այն ժամանակ էի ասում եւ հիմա էլ կասեմ, որ իմ պատասխանատվությունն առնվազն աճել է 10 տոկոսով։ Դուք կարող եք դրա հետ չհամաձայնել, սակայն 2017թ․ ինձ վրա դրված պատասխանատվությունն, իրոք, 10 տոկոսով քիչ էր․․․ Ցանկացած աշխատանք պետք է գնահատվի, եւ եթե մենք խոսում ենք աշխատանքի գնահատականի մասին, ապա այն պետք է գնահատվի համարժեքության տեսակետից։ Այսինքն, եթե այս կամ այն աշխատանքը ինչ-ինչ չափով պատասխանատվություն է դնում, ապա այն պետք է համապատասխան կերպով փոխհատուցվի»,- պարզաբանեց պաշտոնյան։ Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ տարվա ընթացքում «այլեւս չի ստացել 5 միլիոն դրամի պարգեւավճար»։

«Թե չէ հիմա էլ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ամեն ամիս 5 միլիոն դոլարով պարգեւատրել են»,- ասաց նա։

Այն հարցին, թե գիտի՞ արդյոք որքան են հանրապետությունում աշխատավարձի տեսքով միջոցներ ստանում բժիշկներն ու ուսուցիչները, ֆինանսների նախարարը պատասխանեց՝ այո, սակայն հավելեց, որ Հայաստանում կա աշխատանքի շուկա, եւ ինքն այդ մասին էլ գիտի։ «Եւ այդ շուկայում այս կամ այն աշխատանքը վճարվում է այս կամ այն չափով։ Այդ պատճառով ես չեմ համապատասխանում այն մասնագիտություններին, որոնք դուք թվարկեցիք։ Ես, բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չեմ կարող ուսուցիչ աշխատել։ Սակայն ես կարող եմ հավակնել այն տեղերին, որտեղ կարող եմ աշխատել»,- ամփոփեց Ջանջուղազյանը։