Հայաստանի կառավարության որոշմամբ՝ պետական հաստատությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել։ Այս մասին իշխող խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքերով, կան մարմիններ, որոնք ունեն արտաբյուջետային միջոցներ, եւ կան մարմիններ, որոնք նման միջոցներ չունեն։

«Այժմ մենք ձգտում ենք ունենալ միասնական մոտեցում։ Քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը կդադարեցնի արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք պատրաստվում ենք միավորել մեզ մոտ եղած միջոցները՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ մյուս միջոցները»,- պարզաբանեց Ջանջուղազյանը։ Ինչպես նշեց նախարարը, այսպիսի մոտեցումը կտարածվի նաեւ ուժային կառույցների վրա։ Ընդ որում, նա հայտնեց, որ միայն արտաբյուջետային միջոցների ձեւավորման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 29 մլրդ դրամ։ «Օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է դրված, եւ կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի, որից հետո կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով։ Սա ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից»,- ընդգծեց պաշտոնյան։