Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով  պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին: Այս մասին նշել է Արցախի ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանում Ադրբեջանի ԱԳՆ վերջերս արված  հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաեւ Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։

Արտակ Ներսիսյանը, մասնավորապես, նշել է.

«Նախեւառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանին դիմելը  զուրկ է որեւէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով  պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին,  որը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսեւորում,  պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել  ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Միեւնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատադներին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։ Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով  ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին։

Խստորեն հետեւելով Արցախի Հանրապետության օրենսդրությանը՝   ս. թ. փետրվարի 2-ին, պատիժը կրելու ժամկետի ավարտի հետ կապված, ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով Արցախի Հանրապետության դատարանի վճռով դատապարտվել էր երկու տարի ազատազրկման` ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար /Քրեական օրենսգրքի 350-րդ  հոդված/։ Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով։ Դիտարկվում է նրան երրորդ երկիր հանձնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարդասիրական թեմաներով շահարկումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերող հարցերը գտնվում են այլ հարթությունում։ Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առեւանգման ու սպանության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ  նախադեպեր կան»: