ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սահմանված ժամկետում Կոնգրեսին հայտնել այն մասին, թե Սպիտակ տունն արդյոք Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին համարո՞ւմ է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասնակից, հայտնում է CNN-ը:

Պարբերականին աղբյուրը հայտնել է, որ Թրամփը իր որոշումը պետք է հրապարակեր նախօրեին՝ փետրվարի 8-ին, սակայն դա չի արել:

«Նախագահն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ հրաժարվել պատասխանել անհրաժեշտության դեպքում Կոնգրեսի հարցումներին»,- պարզաբանել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

ԱՄՆ Կոնգրեսի արտասահմանյան գործերով կոմիտեն 2018 թվականի հոկտեմբերին Թրամփին նամակ էր ուղարկել՝ պահանջելով պարզել թղթակցի սպանությանը գահաժառանգ արքայազնը մասնակցե՞լ է, թե՞ ոչ: ԱՄՆ նախագահը սենատորների խնդրանքով պետք է իր որոշումը հրապարակեր 120 օրում:

CNN-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պետքարտուղարությունը խոստացել է սենատորներին պարզաբանող նամակ ուղարկել: Աղբյուրը դրա բովանդակությունը չի բացահայտել: Կոնգրեսում ի պատասխան հայտարարել են, որ նախագահը չի կարող իր տեսակետից մեկնաբանել օրենքի նորմերը: «Նա կա՛մ հետեւում է օրենքին, կա՛մ այն խախտում»,- ասել է կոմիտեում հանրապետական մեծամասնության ներկայացուցիչ Խուան Պաչոնը: