Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացի մեջ ներառելու հայկական կողմի ձգտումը գործնականում անիրականանալի է: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանը պարզապես բանակցություններ չի վարի, եթե դրանց մասնակցի նաեւ Ստեփանակերտը:

«Սակայն հարկ է հիշել, որ Ղարաբաղը բանակցային գործընթացին ներգրավված է այն իմաստով, որ համանախագահների տարածաշրջանային այցերը մշտապես ուղեկցվում են Լեռնային Ղարաբաղ այցելությամբ եւ ԼՂՀ ղեկավարների հետ հանդիպումներով»,- պարզաբանեց նա:

Փորձագետը հավելեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է ընթանա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

«Բանակցություններ են վարվում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, որոնք, ըստ էության, հարթակ են նախապատրաստում երկրների առաջնորդների բանակցությունների վերականգնման համար: Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումները տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս, ուստի չեն կարող բանակցային գործընթացի մաս համարվել»,- նշեց փորձագետը: