Միջաստղային  Օումուամուա աստղակերպին աստղագետները նկատել են 2017թ․ հոկտեմբերին։ Աստղակերպի հետագիծը եւ ձեւը այնքան անհարիր են եղել մեր մոլորակային համակարգին, որ որոշ մասնագետներ այն արհեստական աստղային առագաստ են համարել։ Սակայն ժամանակի հետ հետազոտողներն ավելի քիչ էկզոտիկ ենթադրություններ են արել՝ գրում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը։

Այն պահին, երբ Հավայան կղզիներում տեղադրված աստղադիտակը լուսանկարել է աստղակերպին, Օումուամուան արդեն անցել էր Արեւին ամենամոտ կետը եւ գտնվում էր մեր մոլորակից 24 մլն կիլոմետր հեռու։ Նրա հետգիծը աստղաֆիզիկոսներին թույլ է տվել պնդել, թե դա մեր կողմից նկատված առաջին աստղակերպն է, որ հեռացել է որեւէ հարեւան աստղից։ Սակայն, վերականգնելով Օումուամուայի անցած ճանապարհը,  մասնագետները հետաքրքիր շեղումներ են նկատել։ Սովորաբար այդպես իրենց պահում են գիսաստղերը․ նրանց մակերեւույթի վրայից արտազատվող գազերը մի քիչ փոխում են նրանց շարժումը։ Սակայն միջաստղային ասղակերպի շուրջը գազ չի նկատվել։ Բացի այդ, ասղաֆիզիկոսները դեռ մեզ մոտ չեն նկատել աստղակերպեր, որոնք նման լինեին 800 մետրանոց օվալի։

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից Զդենեկ Սեկանինան  դեռեւս 1980-ականների կեսին դիտարկել է այն գիսաստղերը, որոնք, մոտենալով Արեգակին, հանկարծ անհետացել են։ Մի քիչ ավելի ուշ այլ աստղաֆիզիկոսներ հայտնաբերել են, որ խամրած գիսաստղերը, որոնք շատ են մոտենում արեւին, սովորաբար պայթում են եւ չեն հասնում աստղին մոտ կետի, եւ նրանց ուղեծրում այնուհետեւ շարժվում են միայն բեկորներ ու մասնիկների ամպեր։ Այ, ինչ հայտնի է աստղակերպի մասին, ստիպում է հիշել նախորդ ուսումնասիրությունները։ Իսկ ի՞նչ կասեք, եթե Արեւից հեռացող աստղակերպը նույնպես մասնիկների ամպ է։ Դա կբացատրեր, թե ինչու Օումուամուան երկարավուն ձեւ ունի՝ մասնիկներն ու բեկորները կարող են կպչել միմյանց եւ ստեղծել նոր օբյեկտներ, որոնք նման չեն իրենց նախածնողներին։

Մի քանի առանցքների շուրջը Օումուամուայի պտտվելը նույնպես կարող է խոսել աղետի մասին՝ իր հրապարակման մեջ պարզաբանում է Սեկանինան։ Տիեզերական նման իրադարձություններ տեղի են ունեցել 2017թ․, երբ C/2017 S3 գիսաստղը Արեւի ճանապարհին երկու անգամ պայթել էր։ Առաջին պայթյունը նրան վերածել էր մասերի, իսկ երկրորդը՝ մասնիկների ամպի։

Հետագայում Զդենեկ Սեկանինան մտադիր է իր հիպոթեզի ապացույցները գտնել տարբեր աստղադիտարանների արխիվներում։ Եթե նրա ենթադրությունները ճիշտ են, ապա մասնագետները ստիպված կլինեն վերանայել այն ուղղությունը, որտեղից մեր մոլորակային համակարգ է եկել Օումուամուան։ Առայժմ նախնական հաշվարկները մատնանշում են մի քանի աստղ-թեկնածուների։