Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղի մոտ փետրվարի 3-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողն Արագած գյուղի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Արթիկ գյուղի նախկին համայնքապետ Թաթուլ Գրիգորյանը։

«Երկու եղբայրները Նոր Արթիկ հյուր են եկել, հետ գնալուց ճանապարհին վիճել են կենցաղային հարցերի շուրջ։ Գյուղից դուրս են եկել, մեքենայի գազը վերջացել է, կանգնել են, վիճաբանել են, մեկը մյուսին դանակահարել է, հետո գյուղից մի մեքենա է անցել, դանակահարվածին ուղարկել է հարեւան գյուղ, բայց ճանապարհին մահացել է»,- ասաց նախկին համայնքապետը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դեպի Բագրավան տանող ճանապարհին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով՝ փետրվարի 3-ին ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:

Դեպքի առթիվ  նույն օրը Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով:

45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: