Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են.

«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Tert.am-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր: