Կառավարության ներկայացված ծրագրում կրթության բլոկը կրկնում է նախորդ կառավարությունների ծրագրի այս հատվածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իմ պաշտոնավարումից հետո որպես ԿԳ նախարար՝ սա արդեն 3-րդ կառավարության ծրագիրն է, որտեղ կրթության բլոկը գրեթե 90 տոկոսով կրկնում է, կամ շարունակությունն է այն ռեֆորմների, որոնք 7 տարվա ընթացքում իրականացրել եմ ես եւ ԿԳ նախարարությունը այդ տարիներին: Այսինքն` շատ կարեւոր է դա, որպեսզի բարեփոխումների շարունակականությունը գաղափարական, հատկապես կրթության բնագավառում ժառանգական լինի: Դրանք վերաբերում են եւ հանրակրթության ոլորտին եւ բարձրագույն կրթության եւ նախակրթական , մասնագիտական կրթության ոլորտում ռազմավարական ուղենիշները չեն փոխվում»,- ասաց նա:

Աշոտյանի կարծիքով` լրջագույն խնդիր է կրթության զարգացման պետական ծրագրի հարցը, որը Կառավարության այս ծրագրով չկա:

«Այդ ծրագիրը եղել է մինչեւ 2016 թվականը, դրանից հետո երբ ես դուրս եկա, նոր ծրագիր պետք է մշակվեր, որը, ցավոք սրտի, նախարարների փոփոխության այս հորձանոտում չկա, եւ սա, իհարկե, խանգարում է ոլորտի զարգացմանը, որովհետեւ չկա այն ճանապարհային քարտեզն ուրվագծված, որով պետք է առաջնորդվել: Այլ հարց է, որ այդ ծրագրերը միշտ չէ, որ 100 տոկոսով են կյանքի կոչվում, բայց եթե դրանք իրականացվեն թեկուզ 45 տոկոսով, թե 75 տոկոսով, դրանք արդյունավետ են համարվում , քանի որ տալիս են ճանապարհ, եւ այդ ճանապարհն անցնելու համար ջանքեր է պետք գործադրել: Հայաստանը չունի կրթության պետական ծրագիր 2016 թվականից սկսած եւ սա կարեւորագույն խնդիրներից մեկն է»,- ասաց Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ այս խնդիրը կլուծվի:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` հաջորդ խնդիրը կրթության ոլորտում բարձրագույն կրթության մասին օրենքի խնդիրն է, որի նախագիծը իր պաշտոնավարման օրոք քննարկվել է, սակայն չի ընդունվել, ինչը բարձրագույն կրթության ոլորտում խնդիրներ է առաջացնում:

Չնայած ծրագրի կրթական հատվածի նմանություններին, Աշոտյանը փաստեց, որ, այնուամենայնիվ, կան նաեւ տարբերություններ, որոնք վերաբերում են դաստիարակության ոլորտին:

«Կրթությունը միայն գիտելիքի փոխանցում չէ, այն արժեհամակարգի փոխանցում է, եւ պետք է ցավով արձանագրեմ, որ Կառավարությունը շարունակել է իր վատագաույն իմիջի շարունակությունը, այն է` կրթության բլոկում բացակայում է ազգային ինքությանը վերաբերող որեւէ ծրագիր, ռազմավարություն: Կրթության ոլորտի ծրագիրը բացառապես ուսումնական է, եւ դսաստիարակչական խնդիրները սահմանափակվում են միայն քաղաքացիական դաստիարակությամբ: Հարգելի գործընկերներ, մենք ոչ միայն քաղաքացի ենք դաստիարակում, այլեւ մենք հայ քաղաքացի ենք դաստիարակում: Սա պետք է նշեմ, որպես քննադատություն, որ կրթության ոլորտում չկա ազգային ինքնությանը վերաբերող տեսլական, չկա ազգային դաստիարակությանը վերաբերող ծրագրային մոտեցում, եւ սա պատահական չէ՝ հաշվի առնելով Կառավարության կողմից այն ագրեսիվ վերաբերմունքը, որ կա ինքնությանը վերաբերող խնդիրներին: Սա խոշոր բացթողում է, եւս սա նոր Կառավարության աշխարհայացքն է` կոսմոպոլիտ, կեղծ ժողովրդավարական, քաղաքացիական, որտեղ քաղաքացին հաղթում է մարդուն, հային»,- ասաց նա: