2018 թվականին Երեւանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանում արտադրությունը նվազել է 15.4 տոկոսով: Այդ մասին վկայում են «ՀԸ ՌՈՒՍԱԼ»-ի տվյալները, հաղորդում է Finport-ը:

Ըստ աղբյուրի՝ 2018 թվականին ընկերությունը արտադրել էր 28.5 հազար տոննա փայլաթիթեղ՝ ի տարբերություն նախորդ տարի արտադրված 33.7 հազար տոննայի:

Նշենք, որ արտադրանքի ծավալների նվազումը պայմանավորված է Օլեգ Դերիպասկիի ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներով: «Ինչպես ավելի վաղ Ընկերությունը հաղորդում էր, 2018 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը («OFAC») ներառել էր Ընկերությանը SDN (Special Designated Nationals) պատժամիջոցների ցանկում: 2018 թվականի հունվարի 27-ին OFAC-ը հայտարարել էր պատժամիջոցները չեղարկելու մասին: Այդ կերպ 2018 թվականի ընթացքում Ընկերությունը մեծամասամբ գտնվում էր պատժամիջոցների ներքո: Տվյալ հանգամանքներն այլ գործոնների հետ մեկտեղ վատթարացրել էին մի շարք գործառնական ցուցանիշները»,-նշում է պարբերականը:

2018 թվականին ընկերությունում ալյումինի արտադրության ծավալն ընդհանուր առմամբ կազմել է 3 753  հազար տոննա, ինչը 1.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում՝ անցյալ տարի ալյումինի իրացման ծավալը կրճատվել էր 7.2 տոկոսով՝ ի տարբերություն դրա նախորդ տարվա ծավալի՝ կազմելով 3 671 հազար տոննա: Ավելացված արժեքով արտադրանքի վաճառքը կազմել է 1 664 հազար տոննա, ինչը 11 տոկոսով ցածր է, քան 2017 թվականին: Իրացման լրիվ ծավալով ավելացված արժեքով վաճառքի մասնաբաժինը կազմել է 45 տոկոս:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2018 թվականին ալյումինի իրացման միջին արժեքն աճել է 7.3 տոկոսով՝ հասնելով 2 259  դոլարի մեկ տոննայի դիմաց, ինչը պայմանավորված է առավելապես 2018 թվականի առաջին երեք եռամսյակում LME-ի ալյումինի գնաճով 8.5 տոկոսով՝ հասնելով  2 107 դոլարի մեկ տոննայի դիմաց: Միջին իրացված տարբերագինն, ի տարբերություն նախորդ տարվա, 2018 թվականին նվազել էր 6.7 տոկոսով՝ հասնելով 152 դոլարի մեկ տոննայի դիմաց:

Երեւանի «ԱրմենԱլ» փայլաթիթեղի գործարանը հիմնադրվել է «ՀԸ ՌՈՒՍԱԼ»-ի կողմից 2000 թվականին Քանաքեռի ալյումինի գործարանի հիման վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալյան փայլաթիթեղ» եւ «Սայանյան փայլաթիթեղ» գործարանների հետ միասին ձեւավորում է ՌՈՒՍԱԼ-ի Փաթեթավորման բաժինը:

ՌՈՒՍԱԼ-ը աշխարհում ալյումինի արտադրության առաջատարն է: 2017 թվականին արտադրում էր ալյումինի համաշխարհային պահանջարկի շուրջ 5.8 տոկոսը, իսկ ալյումինիումի օքսիդի՝ 6.3 տոկոսը: Ընկերությունում աշխատում է շուրջ 62 000 մարդ: ՌՈՒՍԱԼ-ն առկա է աշխարհի 5 մայրցամաքների 20 երկրներում: ՌՈՒՍԱԼ-ի սովորական բաժնետոմսերը վաճառվում են Հոնկոնգի ֆոնդային բորսայում (առեւտրային կոդն է 486), ինչպես նաեւ Մոսկվայի բորսայում (առեւտրային կոդն է RUAL):