Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց եւ չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։

Նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։

Նա համաձայնել է լրատվամիջոցի դիտարկմանը, որ նախկինում այսպիսի ուշացում չէր եղել, բայց եւ պնդել է, որ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: