Մադրիդում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ցույցի՝ կազմակերպված «աջակողմյա» ընդդիմադիր կուսակցությունների կողմից, Իսպանիայի կառավարությանն իրենց անհամաձայնությունն արտահայտելու նպատակով, որը որոշել էր թուլացնել լարվածությունը Կատալոնիայում, հաղորդում է BBC News-ը:

Իսպանիայի Ժողովրդական եւ Քաղաքացիական կուսակցությունները ցույցեր անցկացնելու կոչ էին արել, երբ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսն առաջարկել էր բանակցություններ անցկացնել Կատալոնիայի անկախացման կողմնակիցների հետ:

«Աջերը» համարում են այդ առաջարկը դավաճանություն եւ կապիտուլյացիա: Ինչպես «աջերը», սոցիալիստները նույնպես ներկայանում են Կատալոնիայի անկախացման դեմ: Ցույցերում մասնակցել են նաեւ «Վոքս» կուսակցության անդամները: Միտինգի մասնակիցների ձեռքերում ցուցանակներ էին՝ «Միավորված Իսպանիայի համար: Ընտրություններ՝ հիմա» կարգախոսով:

Ցուցարարները հավաքվել էին Պլազա-դե-Կոլոն հրապարկում եւ մոտակա փողոցներում՝ ցույցն անցկացնելով Թոմ Ջոնսի եւ Լեդի Գագայի երաժշտության ներքո:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ցուցարարների թիվը կազմում էր 45 000 մարդ:

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել էր հանրաքվե անկախության հարցով, որը Մադրիդում ճանաչվել էր անօրինական:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել էին Իսպանիայից անկախանալու օգտին:

Սակայն, արդյունքում հանրաքվեի մի շարք կազմակերպիչներ ազատազրկվել էին սեպարատիզմի մեղադրանքով: Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնն ստիպված եր հեռանալ երկրից:

Տարածաշրջանի անկախության համար պայքարող կուսակցություններին հաջողվել էր հաղթել տեղական ընտրություններում 2017 թվականի դեկտեմբերին, սակայն նրանք համաձայնության չէին եկել՝ անկախացման որ ռազմավարությունը ընտրել:

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունն առաջարկել էր քվերկություն անցկացնել Կատալոնիայի ինքնակառավարումն ավելացնելու նպատակով, սակայն Մադրիդում կտրականապես մերժել էին տարածաշրջանի ինքնորոշման կամ անկախացման մասին հանրաքվեի գաղափարը: