Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի քաղաքացիություն պետք է տալ բոլորին, ովքեր ծնվել են Վրաստանում եւ ծագումով վրացի են։ Այս մասին նա ասել է բելգիական Լիեժ քաղաքում վրացի տարագիրների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Կոնֆերանսին, որին մասնակցում էին հարյուրավոր վրացի տարագիրներ աշխարհի տարբեր երկրներից, նախկին նախագահը ներկայացրել է մի ծրագիր, երկրի մոդել, որտեղ կուզենան վերադառնալ արտասահմանում ապրող հազարավոր վրացիներ։

Այդ ծրագիրը պատրաստվել է «Միասին՝ տո՛ւն» շարժման կողմից։ Սա ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել է Սաակաշվիլին հունվարին եւ գոյատեւում է էմիգրանտների նվիրատվություններով։

Սաակաշվիլու կարծիքով՝ Վրաստանի քաղաքացիություն պետք է տալ բոլոր նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում եւ ծագումով վրացի են։ Նրա խոսքով՝ նա սխալվել է, երբ սա չի արել իր նախագահության օրոք։

«Ես գիտակցել եմ այս սխալը վերջում, եւ այդ ժամանակ սկսեցի խենթի պես անձնագրեր տալ վրացիներին ամենուրեք, Ուկրաինայում եւ այլ երկրներում»,- ասել է Սաակաշվիլին։

Նախկին նախագահը կարծում է, որ Վրաստանի ընտրական համակարգը բարեփոխման կարիք ունի։ Նրա հայեցակարգի համաձայն՝ տարագիրները պետք է Վրաստանում հեռվից քվեարկելու հնարավորություն ստանան, ինտերնետի միջոցով, քանի որ դեսպանությունները չեն հասցնում գրանցման եւ քվեարկության կազմակերպման հարցում։

«Ընտրական հանձնաժողովները եւ վերեւից նրանց ստացած ցուցումները մնում են խաղից դուրս»,- նշել է նախկին նախագահը։

Էլեկտրոնային քվեարկության սկզբունքը, Սաակաշվիլու կարծիքով, պետք է օգտագործվի ոչ միայն ընտրությունների, այլ նաեւ Վրաստանի կառավարության մակարդակով ընդունվող ցանկացած որոշման ժամանակ՝ մարիխուանայի աճեցումից մինչեւ առողջապահության համակարգի բարելավում։

Սաակաշվիլու այլ առաջարկությունների թվում են կենսաթոշակային համակարգի բարելավումը եւ Վրաստանում այնպիսի բանկի ստեղծումը, որը կդառնա երկրի ամենաթափանցիկ վարկային կազմակերպությունը եւ կսպասարկի ինչպես Վրաստանի բնակիչներին, այնպես էլ արտասահմանում ապրող վրացիներին։