Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլի հարցով կոչով դիմել է արվեստագետներին:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին,  մշակույթի գործիչներին.

Հարգելի գործընկերներ.

մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է:

Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ, հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է հանգեցնել ողբերգության: Սա մեր ամոթն է եւ պատվախնդրության ու խղճի փորձաքարը:

Ուստի, կոչ եմ անում եւ խոնարհաբար խնդրում եմ՝

1.Այսօր իսկ, ստեղծագործական միությունների ղեկավարների, մշակույթի գործիչների կազմով այցելել հացադուլի մեջ գտնվող մեր գործընկերոջը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:

2.Քննարկել եւ գրավոր կերպով մեր ձայնը բարձրացնել ստեղծված թնջուկի ողջամիտ ժամկետում իրավական լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը. սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց եւ երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին, եւ Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչեւ 30%-ը՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին կինոկենտրոնը մերժել է ֆինանսավորման հայտը։ Արդյունքում ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են։ Կինոռեժիսորը փոխանցեց, որ նկարահանվել է միայն 40 րոպե։ Հավելենք, որ հայ–գերմանա–բուլղարական համատեղ նախագիծ հանդիսացող այս ֆիլմի ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են բուլղարական եւ գերմանական ընկերությունները։