NASA-ն հրապարակել է ամերիկյան Curiosity մարսագնացի կողմից արված Մարսի համայնապատկերը, այս մասին նշվում է տիեզերական գործակալության պաշոտնական կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ մարսագնացը ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո իջել է Էոլիդ լեռան վրա գտնվող  Վերա Ռուբինի գագաթից՝ Մարսի Գեյլ խառնարանի կենտրոնական մասից: Հեռանալուց առաջ մարսագնացը Rock Hall լեռնաշղթայում իր վերջին հորատման շրջանի 360 աստիճաանի համայնապատկերն է արել: Մարսագնացը հաջորդ տարի կուսումնասիրի  տվյալ շրջանի կավային նստվածքները:

Տիեզերական գործակալությունը դեկտեմբերի 19-ին արված համայնապատկերի հիման վրա տեսանյութ է մոնտաժել:

2012 թվականին Curiosity-ն վայրէջք էր կատարել Մարսի Գեյլ խառնարանի շրջանում, որտեղ շատ լավ տեսանելի են Մարսի հողի խորը շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը: Մարսում Curiosity-ի առաքելության գլխավոր խնդիրը մանրամասն երկրաբանական եւ երկրաքիմիական հետազոտություններ անցկացնելն է, մոլորակի մթնոլորտի եւ կլիմայի ուսումնասիրությունը, ջրի կամ դրա հետքերի, օրգանական նյութերի որոնումը: Այս տվյալները կօգնեն  պարզել, արդյոք Մարսը երբեւէ պիտանի եղել է կյանքի համար եւ արդյոք այժմ կան վայրեր, որտեղ հնարավոր է ապրել: