Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում միաձայն Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր խոսքում նշեց. «Մեր քաղաքական քննարկումների եւ համամասնություններից ելնելով որոշում էր կայացվել, որ հանձնաժողովի փոխնախագահը պետք է ընդդիմադիր կուսակցությունից, կոնկրետ ԲՀԿ-ին է բաժին հասնում: Ես շատ ուրախ եմ, որ թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է»:

Հանձնաժողովի բոլոր 12 անդամները կողմ քվեարկեցին Բագրատյանի թեկնածությանը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ անսահման մեծ ծավալի աշխատանք կա անելու, հատկապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերում: «Հանրության մոտ դժգոհություններ կան համայնքների խոշորացման առումով, պետք է նոր չափորոշիչներ մշակենք, որ դժգոհություններ չունենանք, նաեւ մարզպետարանների աշխատանքը նոր չափորոշիչներով կազմակերպելու իմաստով»,-ասաց Բագրատյանը՝ կարեւորելով նաեւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի խնդիրը: