ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերեւույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերեւույթ  ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  եւ 2-րդ կետերով եւ 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր  քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին եւ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչեւ 2018  թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու եւ  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը  շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել եւ ստացել է զգալի չափերի գումար:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի:  3 անձի՝ սուտ մատնութան եւ 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:   

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: