Համար մեկ խնդիրը Տավուշի մարզում, որը կառանձնացնեի մարդկային ռեսուրսի, կադրերի խնդիրն է. հիմա հաշվառում ենք, անձնագրավորում ենք, թե մարզում ինչպիսի ռեսուրսներ կան, որ լուծենք մարզի խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Սահմանամերձ գյուղերի խնդիրներին լիարժեք ծանոթ եմ: Վերջերս եմ եղել բոլոր գյուղերում: Այս պահին մեր առաջնահերթ խնդիրը մարզում տնտեսական զարգացումն է, որի շնորհիվ կկարողանանք կասեցնել միգրացիան եւ հնարավորություն տանք, որ մարդիկ ավելի վստահ ապրեն այդ գյուղերում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է ապահովելու միգրացիան, նա նշեց, որ դրա համար կարեւոր գործոններն են տնտեսական աճն ու տնտեսական ակտիվությունը, որ մարդիկ աշխատանք ունենան. «Մենք թիրախային աշխատելու ենք ռուսական այն համայնքների վրա, որտեղ մեծ կուտակումներ կան տավուշցիների: Այն մարդիկ, որոնք շատ մեծ հաջողությունների չեն հասել Ռուսաստանում, փորձելու ենք թիրախային ծրագրերով վերադարձնել հայրենիք»: