Սիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի խոսնակն ասել է, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկվել է բանավոր համաձայնությունների հիման վրա, արդյոք դա թույլատրելի էր։

«Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը,Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ  սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն  իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ Սիրիա զորախումբ ուղարկելու հետ կապված որոշ քաղաքական գործիչներ իրենց մտահոգություններն են հայտնել, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով Սիրիա զորախումբ ուղարկելը իրավական հիմք չունի, վարչապետի անձնական որոշումն է։

«Հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որեւէ իրավական հիմնավորում եւ կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»,– գրել է նա։

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է. Աշոտյան