Երկրի քաղաքական դաշտում արմատական ընդդիմության վակուումը կլրացվի։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում այդ դերը կատարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ոչ խորհրդարանական ընդդիմությունում նման ուժեր էլ չկան, այդ թվում եւ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ նոր ուժերի։ Նրանց մի մասն արդեն հայտարարել է նոր կուսակցություններ ստեղծելու մասին, մյուս մասը պատրաստվում է անել դա։ Փորձագետը նշել է, որ նման քաղաքական ուժերից մեկը նոր ձեւավորված «Ազգային օրակարգն» է, որի ներկայացուցիչներն արդեն ակտիվ գործունեություն են ծավալում ցանցում։ «Այդ ուժերը հիմնականում պահպանողականության կամ նեոպահպանողականության կողմնակիցներն են։ Սա վկայում է այն մասին, որ առաջիկա տարիներին հասարակությունում լինելու է նման քաղաքական ուժերի պահանջարկ»,- հավելել է նա։

Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը կարող էր կատարել այդ գործառույթը, ժամանակին իշխանության կուսակցություն դառնալով՝ կորցրել է իր «գաղափարախոսական դեմքը»։ Նա կարծում է, որ ՀՀԿ նշանավոր շատ դեմքերի ցանկությունը՝ կուսակցական գործունեությունից անցնել հասարակականի (մասնավորապես՝ նկատի ունի ՀՀԿ շարքերից Արփինե Հովհաննիսյանի հեռանալը- խմբ.), ինքնատիպ մարտավարական քայլ է, որպեսզի նրանց քննադատությունն իշխանությունների հասցեին չդիտարկվի որպես քաղաքական ուժի ներկայացուցչի դիրքորոշում։