86 տարեկանում Նապա քաղաքում (Կալիֆոռնիա ) մահացել է The Walt Disney Company-ի նախկին ղեկավար, Ուոլթ Դիսնեյ մուլտիպլիկատորի փեսա Ռոն Միլլերը: Երկուշաբթի այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով ընկերության ներկայիս ղեկավար Ռոբերտ Այգերին, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ Միլլերը մահացել է դեռ փետրվարի 9-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ռոն Միլլերը 1954 թվականին ամուսնացել էր The Walt Disney Company ընկերության հիմնադիր Ուոլթեր Դիսնեյի դստեր՝ Դիանայի հետ: 1978-ին Միլլերը դարձել էր Disney-ի նախագահը, իսկ 1983-ին գործադիր տնօրենը: 1984 թվականին կադրային փոփոխությունների ժամանակ նա հեռացվել էր պաշտոնից, ընկերության նախագահ էր դարձել Ֆրենկ Ուելսը, իսկ ղեկավար էր նշանակվել Մայքլ Այսները: Միլլերի ղեկավարության շրջանում ընկերությունը Touchstone Pictures խոշոր կինեմատոգրաֆիկական բաժին էր բացել,  Epcot Theme Park զվարճանքների պարկ, ինչպես նաեւ Disney վճարովի հեռուստաալիք: