Կանարյան կղզիներում կտուգանեն այն զբոսաշրջիկներին, ովքեր իրենց անունները կգրեն տեղի լողափերի ավազին, տեղեկացնում է Turizm-ը՝ հղում կատարելով The Sun-ին։

Գրան Կանարիում, որը մտնում է Կանարյան կղզիների մեջ, էկոլոգները տագնապ են հնչեցնում։ Զբոսաշրջիկները անդառնալի վնաս են հասցնում ավազաթմբերին հանրահայտ Մասպալոմաս հանգստավայրում՝ ավազին թողնելով իրենց մակագրություններն ու նկարները, ինչպես նաեւ ֆիգուրներ պատրաստելով հրաբխային քարերից։ Դրանց մեջ ամենատարածվածն են հսկայական սրտերն ու անունները, որոնք երբեմն երեւում են Google Maps-ի լուսանկարներում։ Տեղական իշխանություններն արդեն պաշտպանել են էկոլոգներին եւ պատկառելի տուգանքներ սահմանել ավազանկարների համար։ Խախտողներին սպառնում է 600 եվրոյի տուգանք, իսկ որոշ դեպքերում՝ բանտարկություն։

Գրան Կանարի կղզու ավազաթմբերը  բնական արգելոցի մի մասն են եւ համարվում են արխիպելագի կարեւոր էկոհամակարգը։ Էկոլոգները հայտարարում են. եթե միջոցներ չձեռնարկվեն, այս վայրերի բնական գեղեցկությունը կարող է կորչել առհավետ։

Տեղական իշխանությունները նախատեսում են առաջիկայում Գրան Կանարիում սկսել հատուկ քարոզարշավ, որը զբոսաշրջիկներին կտեղեկացնի այն մասին, թե որքան կարեւոր են ավազաբլուրները։ Բացի այդ, նախատեսվում է ավելացնել ոստիկանական պարեկների թիվը լողափերին։ Էկոլոգները պնդում են, որպեսզի զբոսաշրջային քարտերի փոխարեն հատուկ թերթիկներ բաժանվեն Կանարյան կղզիների օդանավակայաններում։

Հունվարի վերջին շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցները Իբիցայում մեղադրել էին զբոսաշրջիկներին, ովքեր սեքսով էին զբաղվել տեղի լողափերում՝ կղզու ավազաբլուրներին վնաս հասցնելու մեջ։ Էս Քավալեթ նուդիստական լողափի սպիտակ ավազներն այնքան գեղեցիկ են, որ դարձել են սիրառատ շատ զույգերի հանգրվանը։ Նրանց ակտիվ գործողություններն ավազին կործանում են բույսերը, որոնք փրկում են ավազաբլուրները քամուց ցրվելուց։