ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այլ քաղաքացու բանկային քարտով կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը, պատճառված վնասը վերականգնվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ  նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է իր բանկային քարտը, սակայն հետագայում տեղեկացել է, որ նոյեմբերի 16-ին եւ նոյեմբերի 17-ին Երեւանում գործող տարբեր բանկոմատներից կատարվել են կանխիկացման գործարքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի գործընկերն է:

Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ եւ տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է տուժողին պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է: