Համաձայն եմ, որ կառավարության ծրագրում թվերը քիչ են, բայց, գուցե, չկան հստակ չափորոշիչներ, թե ինչքան թիվ պետք է լինի։ Այս մասին փետրվարի 11-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ նա կնախընտրեր, որպեսզի կառավարության ծրագրում ավելի շատ թվեր լինեին, բայց թե՛ ներկայացված ցուցանիշները, թե՛ նպատակները ամենաառանցքայիններից են, մասնավորապես՝ ամենամյա տնտեսական աճը ոչ պակաս, քան 5 տոկոսի մակարդակում։ «Այնտեղ նաեւ նշված են ՀՆԱ-ում ներդրումների բաժինը, արտահանման բաժինը, որոնք կարեւոր ցուցանիշներ են։ Բացի այդ, նախընտրական ծրագրից մեզ մնացել են նաեւ այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են աղքատության մակարդակի կրճատումը 10 տոկոսով եւ գործազրկության կրճատումը 5 տոկոսով»,- նշել է Թունյանը՝ հավելելով, որ հինգ տարի հետո հասարակությունը կկարողանա հասկանալ՝ կատարե՞լ են իրենք իրենց խոստումները, թե՞ ոչ։

Պատգամավորի կարծիքով՝ կառավարության ծրագրի դերը չարժե ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել։ Չէ՞ որ առաջ խորհրդարանի դիտարկմանն էին ներկայացվում ոչ պակաս դրական կառավարական ծրագրեր, բայց այդ պլաններին այդպես էլ վիճակված չէր իրականացվել։ Ելնելով սրանից՝ քաղաքական գործիչը համոզված է, որ շատ բան կախված կլինի կառավարող թիմի աշխատանքից։

Ընդ որում՝ Բաբկեն Թունյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը չափազանց զգուշավոր է, եւ կարելի էր ավելի համարձակ քայլերի գնալ։ «Օրինակ, այդ նույն տնտեսական աճի հարցում նպատակները կարող էին ավելի էական լինել։ Բայց, մյուս կողմից, ավելի լավ է նվազագույն նպատակ առաջադրել, իսկ հետո հասնել ավելիին»,- համոզված է կառավարող խմբակցության պատգամավորը։