«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջում է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ներողություն խնդրել՝ իր հասցեին արված զրպարտչական և վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին Երևան քաղաքի դատարանում Արա Մինասյանն ընդդեմ  Արսեն Թորոսյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ հայտարարեց Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Նշենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018թ. օգոստոսի 24–ին քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելկով որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։

Նախքան դատաքննության անցնելը՝ նախագահող դատավոր Սերգեյ Երիցյանը կողմերից հետաքրքրվեց հաշտության հնարավորության մասին։ Հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ առայժմ հաշտության հիմքեր առկա չեն։

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն էլ հայտարարեց, որ պատրաստ են Արա Մինասյանի հետ քննարկել հաշտության տարբերակը։

Գյոզալյանի պնդմամբ՝ իր վստահորդի կողմից արված արտահայտությունները գնահատողական դատողություններ են և ուղղված չեն կոնկրետ Արա Մինասյանի դեմ։

«Մենք կապացուցենք, որ առհասարակ նրան նկատի չի ունեցել: Մենք կապացուցենք, որ իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել: Իմ վստահորդը հանդիսանում է քաղաքական գործիչ, նա կաշկանդված չէ: Նա պետք է հաշվետու լինի հասարակությանը, եւ այս հաշվետու լինելու շրջանակներում է, որ տեղեկատվություն է մատուցել հանրությանը: Իմ վստահորդը որեւէ մեկին չի վիրավորել առհասարակ, հատկապես՝ Արա Մինասյանին»,-ասել է Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը:

Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը պնդում է, որ Թորոսյանի ներկայացված արտահայտություններն ուղղված են եղել հենց Արա Մինասյանի դեմ։ «Ես կարծում եմ, որ պաշտոնատար անձն իրավունք չունի կատարել նման արտահայտություններ՝ նախքան դատավճիռը, նույնիսկ եթե քրեական գործն ընթացքի մեջ է, դա դեռ կառավարության անդամի համար բավարար չէ՝ անձի մեղավորությունը հաստատված համարող արտահայտություն կատարելու համար։ Եթե խոսվում է նրա մասին, որ «դրսում բանդան ցույց է անում, որ բանդայի պարագլուխն աթոռից չզրկվի», հասկանալի է, թե ում նկատի ունեն, քանի որ բոլորը գիտեն, թե ում և  ինչի համար էին այդ օրերին ցույց անում, և եթե խոսվում է չարաշահումների մասին, այդ համատեքստում ակնհայտ է, որ  մնացած բոլոր արտահայտությունները ևս ուղղված են իմ վստահորդի դեմ»,–ասաց նա։ Այսպիսով հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել Արսեն Թորոսյանին ՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր պաշտոնական էջի միջոցով «Ներողություն եմ խնդրում Արա Մինասյանից» վերնագրով ուղիղ եթեր սկսել և դրա միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։ Իսկ դրա անհնարինության դեպքում՝ հերքումը տպագրել  ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում։

Դատավորի հարցին, թե ինչպես է պատկերացնում, որ ուղիղ եթերի միջոցով հերքում հրապարակելու անհնարինություն առաջանա, Վահագն Գրիգորյանը պատասխանեց.

«Օրինակ, հնարավոր է՝ մոռացած լինի ֆեյսբուքի գաղտնաբառը»։ Այսօրվա դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը  միջնորդեց՝ Արա Մինասյանին որպես վկա ներգրավվել և հրավիրել հարցաքննության։ Նա դատարանից ժամանակ խնդրեց այդ կապակցությամբ գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

Հայցվորի ներկայացուցչի խոսքով, սակայն, կողմը կարող է ընդամենը հանդես գալ նման առաջարկով։ Նա վստահեցրեց, որ նման առաջարկ իր վստահորդը չի ընդունի և չի ներկայանա դատարան։ Հաջորդ դատական նիստում կողմերը կներկայացնեն գործի համար նշանակություն ունեցող ապացույցները։

Նշենք, որ Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« ԲԿ–ի և ՀՀ Առողջապահության նախարարության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն  աշխատանքից ազատելու մասին հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում։