«Նաիրի» ԲԿ-ում ստացիոնար բուժման մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատները հնարավորություն չունեն տեսակցելու նրան։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրչյանը։

Նա նշեց, որ Գրիգորյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակման արգելքը վերացված չէ, իսկ քաղաքացիական հիվանդանոցում նրան տեսակցելու համար նոր միջնորդություն չեն ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ ըստ նրա՝ հնարավոր է այդ կերպ վնասեն գործին եւ Գրիգորյանին դարձյալ տեղափոխեն ՔԿՀ։

Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը նախորդ օրվա համեմատ բարելավել է՝ արյան մեջ շաքարի մակարդակը 29–ից իջել է 25–ի։

Պաշտպանի խսքով՝ Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, մինչեւ նրա վիճակը կայունանա։

Նշենք որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները նրա խափանաման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Գործը դարձյալ մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է անցկացվել, ինչի արդյունքում որոշում է կայացվել այսօր՝ փետրվարի 8-ին, Մանվել Գրիգորյանին տեղափոխել «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: