Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն հարցում է ուղարկել ՊՆ՝ հասկանալու համար, թե ինչ դեպք է եղել Ամանորի օրերին բանակում պայմանագրային զինծառայողի մահվան հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Հանրային արձագանքից դատելով, և նախկին պրակտիկայից ելնելով, ուզում ենք հասկանալ՝ ինչն է պատճառը»,- ասաց Թաթոյանը՝ գնահատականները թողնելով հետագային:

Ավելի վաղ այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ իրենց հանձնաժողովը հարցն անպայման առաջնային կուսումնասիրի եւ կհասկանան, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է եղել պատճառը, որ դեպքից միայն մեկ ամիս անց է հայտնի դարձել զինծառայողի մահը: «Նախկինում, եթե 1-2 օր ուշանում էր, մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին՝ լինի դժբախտ դեպք, լինի նշանառու կրակոցի արդյունքում: Եթե այստեղ որեւէ մեկը թերացել է, մեր հանձնաժողովը ոչ միայն հետամուտ կլինի դրա բացահայտմանը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բայց կարծում եմ՝ ՊՆ-ն ինքն էլ… էստեղ մի արտառոց թաքցնելու բան չկար: Պարզապես, ինչ-որ բացատրություն գուցե տրվել է, իսկ եթե չի տրվել, մենք հանձնաժողովում կուսումնասիրենք»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ դա ընդհանրապես նախադեպ չի դառնա: «Բա մեր հանձնաժողովն ինչի՞ համար է: Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել»,-ասել է Քոչարյանը:

Նշենք, որ Ամանորի օրերին պայմանագրային զինծառայող է զոհվել, սակայն ՊՆ-ն թաքցրել է փաստը: