Մյունխենի անվտանգության կոնֆերանսը «ամենակարեւորն ու ամենամեծն» է վերջին 50 տարում՝ չնայած դրան հրաժարվել են մասնակցել բարձրաստիճան մի քանի քաղաքական գործիչներ։ Այս մասին ասել է ֆորումի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, տեղեկացնում է DW-ն։

Այս տարի կոնֆերանսին, որը տեղի կունենա փետրվարի 15-17-ին, կմասնակցի անվտանգության քաղաքականության ոլորտի 600 փորձագետ, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների 35 ղեկավար, ինչպես նաեւ պաշտպանության ու արտաքին գործերի 80 նախարար։

Մյունխենում ԱՄՆ-ը կներկայացնեն երկրի փոխնախագահ Մայք Փենսը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ինչպես նաեւ Թրամփի դուստրը՝ Իվանկան, ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, ովքեր զբաղեցնում են նախագահի խորհրդականների պաշտոնը։

Ինչպես սպասվում է, կոնֆերանսի թեմաներից մեկը կդառնա ԱՄՆ կոշտ քննադատությունը ՆԱՏՕ գծով գործընկերների, այդ թվում Գեմանիայի հասցեին, այն բանի համար, որ ցայժմ պաշտպանական կարիքների ծախսերի մակարդակը չեն հասցրել  ՀՆԱ 2 տոկոսին, ինչպես արդեն քանիցս պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիայի կառավարությունը պետք է նախապես տրամադրվի ԱՄՆ-ի կողմից դաժան քննադատությանը»,- նշել է Իշինգերը։

Մյունխենում չինական պատվիրակությունը կգլխավորի արտաքին քաղաքականության մասնագետ Յանգ Ցզեչին, որը, ըստ փորձագետների գնահատականների, համարվում է ավելի ազդեցիկ քաղաքական գործիչ, քան Չինաստանի գործող արտաքին գործերի նախարարը։

Կոնֆերանսին մասնակցելուց հրաժարվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ընդ որում՝ Նեթանյահուն կայցելի  ԱՄՆ-ի եւ Լեհաստանի կողմից կազմակերպվող՝ Մերձավոր Արեւելքում անվտանգության կոնֆերանսին, որը տեղի կունենա 2019թ. փետրվարի 13-14-ին Վարշավայում։