Կատարը եւ Ֆրանսիան անվտանգության եւ տնտեսության հարցերով համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, հաղորդում է AFP- ն:

Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Տանին Դոհայում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ՝ «ռազմավարական երկխոսության» մասին համաձայնագիր ստորագրելու համար:

Համաձայնագրով «նոր փուլ է» սկսվում երկու երկրների հարաբերություններում, ասել է Ալ-Տանին: «Այս պլատֆորմը կներառի երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ էներգետիկայի, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում», - հավելել է նա:

Լե Դրիանը նշել է, որ համաձայնագիրը Փարիզին եւ Դոհային «պարտավորեցնում է»  կանոնավոր հանդիպումներ անցկացնել:

Կատարը անցյալ շաբաթ ընդունել է  ֆրանսիական արտադրության  առաջին 36 Rafale կործանիչները:

Պարսից ծոցի էներգառեսուրսներով հարուստ պետությունը 2017 թվականի հունիսից մեծ միջոցներ է ծախսում պաշտպանության համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել են Դոհայի հետ հարաբերությունները եւ ուժեղացրել քաղաքական եւ տնտեսական բոյկոտը: