Համացանցից օգտվող երեխաներին բազմաթիվ կիբերվտանգներ են սպառնում՝ նրանց թիրախավորումն ու հետապնդումը, սեռական հետապնդումը որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց կողմից, անձնական տվյալների հրապարակումը և այլն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Ապահով համացանց» շաբաթվա ամփոփման շրջանակում։ Նրա խոսքով՝ մեծահասակները հաճախ չեն կարևորում այդ վտանգները, մինչդեռ վիրտուալ տիրույթի վտանգները ևս իրական են։ «Մեծերը հաճախ չեն գիտակցում, թե ինչ վտանգներ կան երեխաների հետ կապված, քանի որ այնպիսի իրավիճակում ենք գտնվել, որ ուղղակի ավագ սերունդը փորձ չունի և երեխաներին հավասար է այս առումով»,– ասաց նա։

Մարտիրոսյանը հավաստեց, որ կիբերանվտանգությանը նվիրված միջոցառումներն առիթ են, որ երեխաները ևս մեկ անգամ անդրադառնան այս խնդիրներին, տեղեկություններ հավաքեն ու իրենց հասակակիցների հետ քննարկումներով առավել անվտանգ դարձնեն ժամանակը, որ անցկացնում են համացանցում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը։ 170 հայտից ընտրվել են լավագույն 5 տեսանյութերը, որոնց հեղինակներին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է ԿԳՆ շնորհակալագրեր և մրցանակներ։ Լավագույն տեսանյութերը նախատեսվում է ցուցադրել դպրոցներում և տեղադրել ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: