Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: