Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28-ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրյալ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալն առնչություն չունի կատարվածի հետ, իսկ դեպքի օրը պատահական է եղել ռեստորանում։

Փաստաբանը հերքեց այն տեղեկությունները, որ նախքան դեպքը՝ Մանուկյանը մասնակից է եղել Աբովյանում գործող վուլկանիզացման կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանությանը։

«Շանթն այդ պահին պատահաբար է եղել ռեստորանում. Աղմուկ-աղաղակի ձայներ է լսել, տեսել է գետնին ընկած ընկերոջը՝ Ջիվանին (հեղ. փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացած Ջիվան Հարությունյան), վազել՝ գրկել նրան և օգնություն ցուցաբերել վիրավորներին»,- պատմեց փաստաբանը։

Ֆերոյանը չհայտնեց, թե այս ընթացքում կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել իր պաշտպանյալի մասնակցությամբ՝ այն համարելով նախաքննական գաղտնիք։

Նա միաժամանակ նշեց, որ այս գործով քննչական մարմինները լայնածավալ գործողություններ են կատարում։

Նշենք, որ 2019թ. փետրվարի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քննչական կոմիտեի քննիչի՝ Շանթ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը փաստել է, որ Մանուկյանին ձերբակելեու կամ կալանավորելու որևէ փաստական հիմք առկա չէ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար։

Հիշեցնենք, որ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը՝ եւս 7 անձ՝ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից 21-ամյա Ջիվան Հարությունյանն էլ դեպքից երկու շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։

Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ։