Այսօր՝ փետրվարի 11-ին, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳ լրատվության վարչությունից։

Կողմերը կարևորեցին պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան- Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը: