Արեւելյան Անգլիայի համալսարանի հնագետները Սահարայում նախկինում անհայտ քաղաքակրթության հետքեր են գտել՝ հայտնում է Live Science-ը։

Գիտնականների խումբը, վերլուծելով Արեւմտյան Սահարայի տարածքների արբանյակային լուսանկարները, դրանց վրա տարօրինակ բարձունքներ է հայտնաբերել։ Պարզվել է, որ դրանք տարբեր՝ կլոր, ուղղանկյուն եւ այլ ձեւերի քարե հսկայական կառույցներ են, որոնցից մի քանիսի մակերեսն անցնում է 630 մ/ք-ից։  

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ քաղաքակրթության են պատկանում այդ կառույցները, որոնց տարիքը անցնում է 1,5 հազար տարուց։

Արեւմտյան Սահարայի տարածքի մոտ 75 տոկոսը, ներառյալ առափնյա գծի մեծ մասը, վերահսկվում է Մարոկկոյի կողմից։ Մնացած 25 տոկոսը վերահսկում է Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը։ Մինչեւ 1991թ․ երկրները գտնվել են պատերազմի մեջ, այդ պատճառով գիտնականների միջազգային խմբերը, այդ թվում՝ հնագետները, գործնականում չեն այցելել այդ տարածքներ։

Միայն հիմա են հնագետները սկսում կազմել Արեւմտյան Սահարայի քարտեզը եւ ուսումնասիրել հինավուրց քաղաքների ավերակները։ Սակայն այդ տարածքում պեղումներ չեն իրականացվում՝ ԻՊ-ի սպառնալիքի պատճառով։