ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է դաշնակիցներին, որ չօգտվեն չինական հեռահաղորդակցության ապրանքներ արտադրող Huawei-ի սարքավորումներից՝ հայտարարելով, թե Վաշինգտոնին «դժվար կլինի համագործակցել նրանց» հետ՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք ուզում ենք հավաստիանալ, որ իրենք գիտեն այդ սարքավորումների հնարավորություններն ու վտանգները»,- Բուդապեշտ այցի ընթացքում լրագրողներին հայտարարել է Պոմպեոն։

Վաշինգտոնն անհանգստացած է Չինաստանի աճող ներկայությամբ, մասնավորապես՝ Հունգարիայում եւ Լեհաստանում աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Huawei Technologies-ի ընդլայնմամբ։

Միացյալ Նահանգները եւ նրանց արեւմտյան դաշնակիցները կարծում են, որ Huawei-ի արտադրանքը կարող է գործածվել լրտեսության համար, եւ նրա տարածումը Կենտրոնական Եվրոպայում դիտարկում են որպես ԵՄ շուկայում ամրապնդվելու միջոց։