Bugatti ընկերությունը Ժնեւյան ավտոսրահում կներկայացնի հիպերավտոմեքենա, որի գինը կազմում է 16 մլն եվրո։

Շրջանառվող լուրերի համաձայն, ավտոմեքենան կառուցվել է միակ օրինակով՝ Ֆերդինանդ Պորշեի թոռան՝ Ֆերդինանդ Պիխի համար։ Նա մոտ 25 տարի գլխավորել է Volkswagen-ը եւ եղել է Veyron-ի գլխավոր գաղափարախոսը։

Motor-ը, վկայակոչելով TheSupercarBlog կայքին, հայտնում է, որ նորույթը կստեղծվի Chiron Sport մոդելի հիման վրա, սակայն շատ ինքնատիպ թափք կունենա։ Դա փոփոխություններ կմտցնի աերոդինամիկայում, իսկ, ահա, տեխնիկական մասում նոր բան չի ակնկալվում։ Հիպերավտոմեքենան կհագեցնեն նույն 8,0 լիտրանոց W16 շարժիչով, ինչ որ Chiron-ինն է։

Ընդ որում, նոր Bugatti-ն լիովին կարող է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան։ Այն միլիոն դոլարով թանկ է Pagani Zonda HP Barchetta-ից եւ 4,8 միլիոնով՝ միակ օրինակով գոյություն ունեցող Rolls-Royce Sweptail-ից։

Հիպերավտոմեքենան կդառնա ապրանքանիշի 110 ամյակի հանդիսության մի մասը։ Այդ առիթով ընկերությունն արդեն ներկայացրել է Chiron Sport-ի հատուկ տարբերակը, որը կրում է 110 ans Bugatti անվանումը եւ թողարկվել է 20 օրինակով։