Մեքսիկայի սահմանին պատնեշը կկառուցվի՝ անկախ այն հանգամանքից, թե Կոնգրեսում այս հարցով ինչ պայմանավորվածությունների են հասել դեմոկրատներն ու հանրապետականները, երեքշաբթի Թեխասում իր կողմնակիցների հանրահավաքին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ցանկացած դեպքում պատը կկառուցենք: Նրանք ասում են, որ առաջընթացի կհասնեն: Ես ասացի՝ սպասեք, ես պետք է գնամ Թեխասի իմ մարդկանց մոտ, ես պետք է գնամ, այնպես որ՝ այդ մասին լսել չեմ ուզում: Այնպես որ՝ ես չգիտեմ, թե նրանք ինչ նկատի ունեն՝ ասելով «կհասնեն զգալի առաջընթացի»… Ով գիտի, գուցե դա լավ նորություն է»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանին անվտանգության ապահովման հարցում դեմոկրատներն ու հանրապետականները հասել են սկզբունքային պայմանավորվածությունների, ինչը, նրանց կարծիքով, կօգնի փետրվարի 15-ին խուսափել դաշնային գերատեսչությունների աշխատանքի հերթական դադարեցումից («շաթդաունից»):

AP-ի տեղեկություններով՝ օրենսդիրները համաձայնության են եկել պատի կառուցման համար մոտ 1,4 մլրդ դոլարի հատկացման շուրջ՝ վարչակազմի պահանջած 5,7 մլրդ դոլարի փոխարեն: Եթե Թրամփն այս տարբերակը չստորագրի, ապա երկու պալատները պետք է ապահովեն ոչ պակաս երկու երրորդ ձայներ, որպեսզի որոշումն առաջ մղեն: