Կանադայի ոստիկանությունն ազատել է Մեքսիկայի միանգամից 43 քաղաքացու, որոնք ապրել են ժամանակակից ստրուկի փաստացի վիճակում եւ Օնտարիո նահանգում հարկադրված էին զբաղվել հաստատությունների մաքրման աշխատանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական ոստիկանական իշխանությունները: 

Օնտարիո նահանգի ոստիկանության տեղեկացմամբ՝ մեքսիկացիները նախ խոշոր գումար են վճարել մարդկանց, որոնք օգնում են Կանադայում հայտնվել օրինական աշխատանքի կամ ուսման համար, իսկ հետո պարտավոր էին հաստատությունները մաքրելու աշխատանք կատարել Օնտարիոյի տարբեր քաղաքներում: Ընդ որում՝ նրանք ապրել են սարսափելի պայմաններում, իսկ վաստակած գումարի առյուծի բաժինը «գործատուները» նրանցից վերցրել են:

«Ժամանակակից ստրուկների» ազատագրման հատուկ գործողությունը ոստիկանության ստորաբաժանումների 250 աշխատակիցներ անցկացրել են Բարրի եւ Վասագա Բիչ քաղաքներում: Դեռեւս ոչ ոքի չի առաջադրվել մարդկանց առեւտրի մեղադրանք, դա ավելի ուշ կարվի, սակայն իշխանությունները խնդրում են քաղաքացիներին հայտնել, եթե համանման շահագործման մասին տեղեկություններ ունեն: