Փետրվարի 11–ին ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործով կասկածյալ կա։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մահացած զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր։

 NEWS.am–ի հետ զրույցում Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանն էլ հայտնեց, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում: