Կառավարության ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ եւ ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին եւ կառուցվածքին:

Հայտարարությունում, ասվում է.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության եւ օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:

Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին եւ հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի եւ խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում եւ սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման եւ սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բեւեռացումը, խորացնելու է հարուստների եւ աղքատների միջեւ գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:

Թեեւ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու եւ ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու եւ հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ եւ ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, եւ այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք:

Վերը նշված ամփոփ գնահատականների մանրամասներն ու հիմնավորումները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կներկայացնի առանձին հարցազրույցներով եւ հրապարակումներով: