Լիբանանյան ոսկերչական ընկերության իրավաբանները Մալայզիայի նախկին վարչապետի կնոջից՝ Ռոզմա Մանսուրից պահանջել են հայտնել մոտ 14,8 մլն դոլար արժողությամբ 44 թանկարժեք իրերի գտնվելու ստույգ վայրը, որոնք նրան են փոխանցվել 2018 թվականին նախնական ծանոթանալու համար: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է The Straits Times պարբերականը, ոսկերչական իրերը կարող էին ոստիկանության կողմից առգրավված լինել նախկին վարչապետին պատկանող տներում ու վիլլաներում  խուզարկությունների ժամանակ:

Global Royalty Trading ընկերության փաստաբան Դեւիդ Գուրուպատամայի խոսքով՝ «լինելով մշտական հաճախորդ՝ Ռոզմա Մանսուրը թանկարժեք զարդերը ստացել է նախնական զննման եւ հնարավոր գնում կատարելու որոշման կայացման համար»: Մայիսի վերջին նա ընկերությանը գրավոր տեղեկացրել էր զարդերի խմբաքանակը ստանալու մասին, սակայն նաեւ հայտնել էր, որ ոստիկանությունն այն առգրավել է խուզարկության ժամանակ: Միաժամանակ, իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն մեկնաբանում:

Մինչեւ հիմա զարդերի գտնվելու մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել: Ինչի հետ կապված «ընկերությունում նպատակահարմար են համարում Ռոզմա Մանսուրից պահանջել դրանք գտնել», հավելել է փաստաբանը:

Երկրի նախկին վարչապետի տանը եւ բնակարաններում նախկինում կատարված խուզարկությամբ մեծ քանակությամբ ոսկերչական զարդեր են գտնվել, թանկարժեք դիզայներական պայուսակներ եւ այլն: Ընդհանուր առգրավվել է 223 մլն դոլարից մինչեւ 273,4 մլն դոլարի կանխիկ գումար եւ շքեղ իրեր: Երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը մեղադրվում է 44 դրվագով, այդ թվում՝ կաշառք ստանալու, փողերի լվացման, ծառայողական դիրքի չարաշահման եւ այլնի համար: Քրեական գործով գերագույն դատարանի նիստը նախնական պետք է սկսվեր փետրվարի 12-ին , սակայն փաստաբաններին հաջողվել էր հասնել անորոշ ժամկետով հետաձգման: