Կառավարության ծրագիրը հարուստ չէ թվերով եւ ցուցանիշներով, իսկ երկրի ունեցած հնարավորությունները բավական համեստ են։ Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային բնութագրիչներն իրականում կախված են այն բանից, թե քանի քաղաքացի կարձագանքի հիմա արդեն տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին։ «Դա կախված է նաեւ այն բանից, թե քանի մարդ կորոշի օգտվել այդ հեղափոխության ընձեռած հնարավորություններից»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը համոզված է, որ նման մարդիկ շատ կլինեն։ Սակայն նաեւ հավաստիացրել է, որ ինքը եւ իր թիմը չեն պատրաստվում անտեսել «նրանց կամքի ազատությունը կանխատեսումների միջոցով»։