Մեքսիկայի հայտնի հանգստավայրերում արգելել են 23:00-ից հետո ալկոհոլ վաճառել, հաղորդում է Turizm-ը՝ վկայակոչելով Go to Mexico պորտալին:

Մեքսիկայի Քինթանա Ռոո նահանգի իշխանությունները գիշերային ժամերին բոլոր առեւտրային կետերում, հասարակական սննդի հաստատություններում եւ գիշերային ակումբներում արգելել են ալկոհոլային խմիչքների վաճառքը: Համապատասխան օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Դրա համաձայն սուպերմարկետները, մինիմարկետները, ինքնասպասարկման խանութները եւ գարեջրի գործարանները կարող են երկուշաբթիից մինչեւ շաբաթ՝ 10:00-23:00, կիրակի՝ 10:00-17:00 ալկոհոլ վաճառել: Քինթանա Ռոոյի ռեստորանները, բարերը եւ գիշերային ակումբները մեկ ժամ ուշ կսկսեն վաճառքը:

Կանկունում, Պլայա-դել-Կարմենում, Տուլումում եւ Իսլա Մուխերես կղզում ալկոհոլի վաճառքը թույլատրվում է ամեն օր՝ 11:00-ից մինչեւ 23:00: Բացի այդ որոշ հաստատություններ կարող են լրացուցիչ լիցենզիա ձեռք բերել, որը թույլ կտա մինչեւ 03:00-ն ալկոհոլ վաճառել: Ալկոհոլի վաճառքի արգելքը չի տարածվում հյուրանոցների տարածքում: