Մոտ երկու տասնյակ ութամյա տղաներ  դարձել են մանկապիղծների զոհ, որոնք գործել են TikTok սթրիմինգային հավելվածի օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է Mirror պարբերականը՝ հղում կատարելով Barnardo's բարեգործական կազմակերպությանը, հաղորդում է Lenta-ն։

Մեկ տարվա ընթացքում աշխատակիցները օգնություն են ցուցաբերել 19 ութամյա տղայի, որոնք առցանց ենթարկվել են սեռական շահագործման։ Նրանք ճշտել են, որ մինչ այդ նման գործողությունների զոհեր են դարձել տասնամյա տղաները։

Հանցագործները երեխաների հետ շփման մեջ էին մտնում հավելվածի մեկնաբանություններում։ Այդտեղ էլ նրանք երեխաներին մղում էին սեքսուալ բնույթի գործողությունների։

TikTok ծրագիրը, որն առաջ հայտնի էր որպես Musical.ly, օգտատերերին թույլ է տալիս տեսանյութեր փոխանակել։ Համաձայն օգտատիրական համաձայնագրի՝ աքաունթ բացել կարող են միայն 13 տարեկանը հատած դեռահասները (ընդ որում՝ մինչեւ չափահասությունը նրանք պարտավոր են դա համաձայնեցնել ծնողների հետ)։ Սակայն երեխաների մեծ մասն անտեսում է այդ կանոնները։

«Առանց անվտանգության ճիշտ ուղղորդիչների՝ երեխաները, ովքեր իրենց վիդեոն ցուցադրում են ինտերնետով, կարող են դառնալ չարագործների թիրախ՝ գտնվելով հենց իրենց ննջասենյակներում»,- ասել է Barnardo's-ի գլխավոր տնօրեն Ջավեդ Խանը։

Կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ծնողները պարտավոր են իմանալ այն տեխնոլոգիաները, որոնցից օգտվում են իրենց երեխաները։ Նա կոչ է արել նաեւ տեխնոլոգիական ընկերություններին ուժեղացնել անչափահասների պաշտպանությունը։