Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողություններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը Երեւանում փետրվարի 12-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր պարտքն է՝ չմոռանալ, թե ինչ տեղի ունեցավ հայերի հետ, եւ մենք դատապարտում ենք Ցեղասպանությունը։ Կիպրոսն առաջին եվրոպական երկիրն է, որը 1982 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականի փետրվարի 2-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրենք Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ «Կարծում ենք, որ Միջերկրածովը Կիպրոսի շրջանում պետք է վերածվի կայունության եւ խաղաղության շրջանի»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին կիպրոսյան հարցում ունեցած դիրքորոշման համար։