2018 թվականի ընտրությունները բովանդակային առումով բացառիկ էին, քանի որ քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարանը, այլեւ երկրի ղեկավարի լիազորություններով վարչապետին: Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, որոնք քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի եւ անձամբ իր օգտին, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին եւ քվեարկել այլ քաղաքական ուժերի օգտին: «Ինձ համար մեծ պատիվ է որպես վարչապետի թեկնածու ժողովրդի վստահության մանդատը ստանալը: Ես ինձ համարում եմ ոչ միայն այն մարդկանց վարչապետը, որոնք քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին, այլ նաեւ նրանց, ովքեր քվեարկել են այլ քաղաքական ուժերի օգտին կամ ընդհանրապես ընտրությունների են եկել, քանի որ իմ առաքելությունն է ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը ծառայելը»,- նշեց Փաշինյանը: