Քեմալ Օքսուզը՝ հասարակական կազմակերպության նախկին ղեկավարը, որը զբաղվել է Ադրբեջանի շահերի լոբբինգով, բավական մեղմ դատավճռի է արժանացել:

Կալանքից եւ արտահանձնումից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է 3 ամիս եւ մեկ շաբաթ ազատազրկման, որից 3 ամիսը նա արդեն անցկացրել  Հայաստանում կալանավորված լինելու ժամանակ եւ եւս մեկ շաբաթ էլ՝ ԱՄՆ-ում: Օքսուզը պետք է նաեւ 20 հազար դոլար տուգանք վճարի:

«Ծիծաղելի մեղմ կալանքը սխալ ուղերձ է ԱՄՆ-ի քաղաքական գործընթացին միջամտելու՝ արտասահմանյան պետությունների  մտադրությանը», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Օքսուզը մեղադրվում էր կեղծարարության սխեմայի պատրաստման, Էթիկայի կոմիտեից էական փաստեր թաքցնելու, ինչպես նաեւ Կոնգրեսին ներկայացած կեղծ վկայությունների մեջ, որոնք վերաբերում էին  Ադրբեջանի հետ նրա կապերին:

Հիշեցնենք, որ տղամարդը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսին: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի քաղաքացին բնակություն էր հաստատել Հայաստանում եւ ՍՊԸ հիմնել: Անցյալ տարվա վերջին նա արտահանձնվել էր ԱՄՆ-ին: